Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը՝ սովորեցնելը, որպեսզի այստեղ արդեն ամեն բան կարողանան ինքնուրույն անել»,- ընդգծեց «ՀայԱսսո» ֆրանս-հայկական բժշկական միության» նախագահ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ բժիշկ Հասմիկ Գևորգյանը, ով, ավարտելով Մխիթար Հերացու բժշկական համալսարանը, մեկնել էր Ֆրանսիա և այստեղ շարունակել ուսումնառությունը։

«Պատերազմի օրերին հասկացանք, որ մեր կարիքն իսկապես ունեն  Հայաստանում։ Իսկ  հետո, քննարկելով երկրում տիրող իրավիճակը, պարզելով առկա խնդիրները, որոշեցինք մեր աշխատանքային փորձը ներդնել ի շահ Հայաստանի։ Այսպես հիմնվեց մեր միությունը։ «Մենք մենակ չէինք․ հայ բժիշկներ եկել էին ամբողջ աշխարհից»,- պատմում է Հասմիկ Գևորգյանը:

 
«ՀայԱսսո» ֆրանս-հայկական բժշկական միությունը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո մի խումբ ընկերների՝ 10-15 ֆրանսահայ բժիշկների ջանքերի շնորհիվ։  Նրանց մեծ մասն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են, որոնք աշխատում են Փարիզի և մերձակա արվարձանների համալսարանական կլինիկաներում և հիվանդանոցներում: Բժիշկ Լիլիթ Խաչիկյանը, ով այսօր նույնպես գտնվում է Հայաստանում, ջանքեր չի խնայել միության բոլոր ծրագրերի իրականացման և հաջողման գործում։

 

Միության առաջին նախագծի շրջանակներում  միջին օղակի բուժաշխատողներին և քաղաքացիներին տրամադրվել են  առաջին օգնության դասընթացներ: Հասմիկ Գևորգյանը մանրամասնում է․  «Ֆրանսիացի բուժեղբայրների հետ սկսեցինք աշխատել կամավորների առաջին խմբի հետ: Փորձեցինք ընդգրկել բոլորին՝ ընդհուպ մինչև սահմանամերձ գյուղերի երեխաներին, տատիկներին, մայրերին։ Սովորեցրել ենք, թե ինչպես հանել վիրավորին և օգնություն ցուցաբերել)։ Այնուհետև իրականացրել ենք վերապատարաստման հատուկ դասընթացներ տեղում հրահանգիչների թիմ ունենալու և ուսուցումը շարունակական դարձնելու համար։ Այս բոլոր աշխատանքները տևել են  մոտավորապես 2 տարի:


Ավելի ուշ Գորիսում մեր օգնությամբ ստեղծվեց փոքրիկ կենտրոն: Կենտրոնը հիմնեցինք պատերազմի ժամանակ ստեղծված «Վալ» հիմնադրամի հետ համատեղ: Գորիսում մեզ տրամադրված շենքում սկսեցինք աշխատել և շարունակել կրթական ծրագիրը Սյունիքի բոլոր սահմանամերձ  գյուղերի համար։ Հիմքերը դրվեցին և գործն արդեն առանց մեզ իրականացվում է: Սա դեռևս ոչ բժշկական, այլ քաղաքացիական պատրաստվածության մակարդակում:


Այնուհետև որոշում կայացվեց անդրադառնալ արդեն բժշկական ոլորտում առաջին օգնության կազմակերպման խնդիրներին։ Ծանոթացանք տեղի գործընկերների հետ, հասկացանք, որ կարող ենք ավելի բարձր մակարդակի բերել մեր վիրավորների առաջին բժշկական օգնությունը: Դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանն ոչ միայն պատերազմական, այլ նաև սեյսմիկ գոտի է համարվում, և համապաստասխան օղակները պետք է կարողանան ժամանակին միջազգային ընդունված նորմերին համապատասխան օգնություն ցուցաբերել:

 


Մյուս կարևոր ծրագիրը, որի շուրջ  աշխատում ենք ՀՀ առողջապահության նախարարության  և Առողջապահության  ազգային ինստիտուտի և առողջապահական  և կրթական ոլորտի մեր գործընկերների հետ,  նախատեսում է վնասվածքների վերահսկման վիրաբուժության ընդլայնված դասընթաց՝ ուղղված բացառապես  վիրաբույժներին։ Այստեղ ևս աշխատում ենք նույն սկզբունքով․ պատրաստում ենք բժիշկ-հրահանգիչներ, որոնք այնուհետև  կվերապատրաստեն  իրենց գործընկերներին: Դասընթացները վարում են  ֆրանսիացի փորձառու ռազմական բժիշկներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում են տեղի մասնագետներին։


 Ներգրավվել են 9 փորձառու վիրաբույժ, այդ թվում՝ 2 անոթային վիրաբույժ, 1 վնասվածքաբան-օրթոպեդ, 1 մանկական վիրաբույժ, 4 կրծքային և/կամ ներքին օրգանների վիրաբույժներ, ովքեր աշխատում են երևանյան  տարբեր հիվանդանոցներում և  2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղվել վիրավորների խնամքով կամ ներգրավվել որպես ռազմական բժիշկ։ Ծրագրում հատկապես մեծ է վիրաբույժ պրոֆեսոր Ֆրանսուա Պոնսի մասնագիտական ներդրումը։


Այս եռօրյա դասընթացը նախաձեռնվել է  մեր միության կողմից, որին ներկայացնում ենք ես և բժիշկ Լիլիթ Խաչիկյանը, և իրականացվել «Հույսի շղթա» (La chaîne de l’espoir ) ֆրանսիական մարդասիրական  կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի, «Աստղիկ ԲԿ»-ի՝ ի դեմս  կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար`պրոֆեսոր Շահեն Դանելիյանի,  և Ագրարային համալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ։  

 

Նկարում՝ Լիլիթ Խաչիկյան, Ֆրանսուա Պոնս, Հասմիկ Գևորգյան


Մյուս փուլը, որը դեռ պետք է անցկացվի, ևս պարտադիր ծրագիր է դառնալու բոլոր վիրաբույժների համար: Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր հայ վիրաբույժի ուսուցանել վնասվածքների  վերհսկման սկզբունքները և ստանդարտները, այսինքն  վիրավորին ցույց  է տրվում  համապատասխան բուժակարգով բուժօգնություն, որպեսզի հիվանդանոցում ընդունող բժիշկին  հասկանալի լինի վիրավորի հետ տեղի ունեցածը։ Այս միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Հաջորդ այցին մեր թիմի առաքելությունն է լինելու  գնահատել արդեն վերապատրաստված հրահանգիչների կողմից վիրաբույժներին տրամադրվող վերապատրաստման որակը։ Շատ կարևոր է բոլոր հայ վիրաբույժների համար այս վերապատրաստումը դարձնել  պարտադիր ուսումնական ծրագիր ։


Ֆրանսիան պատերազմական վիճակում չէ, բայց նույն կերպ  պատրաստվում է ամենատարբեր իրավիճակներին (օլիմպիական խաղեր, լայնամասշտաբ միջոցառումներ և այլն) պատրաստ լինելու  նպատակով: Բոլոր վիրաբույժների համար պարտադիր անցկացվում է, այսպես կոչված, «հետհամալսարանական ուսուցում»: Մոտեցումը նույնն է լիենլու․ կիրառել համաշխարհային ցուցանիշներ՝ դրանք հարմարեցնելով տեղի միջավայրին:


Մեկ այլ  ծրագրի  շրջանակում աշխատում ենք Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հետ, և համագործակցում ֆրանսիական «Սիմոն Վեյլ»  բժշկական կենտրոնի հետ։  Այս պահին 2 ամիսը մեկ հաճախականությամբ Գյումրուց բուժքույրեր և բժիշկներ են մեկնում ֆրանսիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք համապատասխան վերապատրաստում անցնելու նպատակով:


Մեր բոլոր ծրագրերում մարզերի ներգրավվածությունը պարտադիր և սկզբունքային է։


Շատ աշխատանք կա անելու։ Մենք վճռականորեն ենք տրամադրված հայաստանյան  գործընկերներին մեր շարունակական աջակցությունը ցուցաբերելու հարցում, քանի որ միասնական աշխատանքի, միահամուռ ջանքերի արդյունքում է հնարավոր ապահովել առողջապահության ոլորտի կայուն զարգացումը և բուժառուներին տրամադրվող խնամքի որակը։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ